04 января 2011

Ինչպիսի՞ն կլինի 2011-ը ըստ համաստեղությունների. ներկայացնում է աստղաբանը

2011 թվականը, ըստ հայկական արեգակնային օրացույցի, կանցնի երկվորյակի նշանի ներքո։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր ծնվել են ճագարի կամ սպիտակ կատվի տարում, պետք է իմանան նաև, որ, ըստ հայկական տոնացույցի, ծնվել են երկվորյակի տարում։ Բոլոր երկվորյակները կարող են հաջորդ տարին որպես իրենց տարի նշել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան–նկարիչ Գուրգեն Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ հաջորդ տարին հայերի համար բարենպաստ է լինելու, սակայն շատ բաներ կախված են մարդկանց մտածողությունից։ Եթե, օրինակ, մարդիկ փորձեն Ամանորին սեղանին ճագարի միս դնել, դա շատ բացասաբար կազդի տարվա վրա, կարագացնի ծերացման գործընթացը։
Քաղաքական առումով աշխույժ տարի կլինի, սակայն կտրուկ ցնցումներ չեն լինի։ Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել խոսքին, քանի որ խոսքը հաջորդ տարի մեծ ազդեցություն է ունենալու։
Մեծ աշխույժություն է սպասվում նաև բիզնեսի ոլորտում։ Ստեղծված իրավիճակից կօգտվեն այն մարդիկ, ովքեր առաջ կնայեն և նորամուծություններով աչքի կընկնեն։
Կրակային նշանների ներքո ծնվածները՝ առյուծները, խոյերը և աղեղնավորները, պետք է իրենց առողջության նկատմամբ ուշադիր լինեն հունվար, մարտ, հունիս և նոյեմբեր ամիսներին։ Հողային նշանների ներքո ծնվածները՝ այծեղջյուրները, կույսերը և ցուլերը, պետք է հետևեն առողջությանը ապրիլ, օգոստոս, նոյմեբեր, դեկտեմբեր ամիսներին, օդային նշանների տակ ծնվածները՝ ջրհոսները, երկվորյակները և կշեռքները՝ հունվար, մայիս, օգոստոս և դեկտեմբեր ամիսներին։ Ջրային նշանների ներքո ծնվածները ՝ ձկները, խեցգետինները և կարիճները, առողջությանը պետք է հետևեն հունվար, մարտ, հունիս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին։
Աստղաբանը նաև նշեց, որ խոյերի համար 2011-ը բացառիկ հաջողակ տարի է լինելու։ Ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել էմոցիաներին, ներքին զգացողություններին։ Խոյերի ինտելեկտի բարելավում է սպասվում։
«Ցուլերի համար տարին մի փոքր դժվար է լինելու, քանի որ մեծ հնարավորություն կա կորցնելու բացառիկ հաջողակ իրավիճակ։ Սա կապված կլինի ձեր թույլ կամքի հետ։ Ֆինանսական բարելավում կլինի, սակայն խոսքերի մեջ թույլ չպետք է լինել։ Խորհուրդ է տրվում զերծ մնալ կտրուկ փոփոխություններից, վիճաբանության մեջ չմտնել»,- նշեց բանախոսը։
Երկվորյակների համար 2011-ը բացառիկ հաջողակ տարի է լինելու՝ կտրուկ փոփոխություններով, որոնք, սակայն, կարող են նաև դրամատիկ ավարտ ունենալ։
Խեցգետիններին հաջորդ տարի սպասվում են ճանապարհորդություններ։ «Խոսքը և զգոնությունը չի խանգարի ձեզ, էմոցիաները փորձեք հնարավորինս զսպել»,- խորհուրդ տվեց աստղաբանը։
Առյուծներից հաջորդ տարի կպահանջվի մեծ էներգիա։ Պետք է զերծ մնալ բոլոր ուղևորություններից և ճանապարհորդություններից, քանի որ դրանք մեծ վտանգ են պարունակում։
Կույսերի համար դժվարին տարի է լինելու, սական որոշակի հաջողութուններ կլինեն։ Պետք է զսպել էմոցիաները, որոնք կարող են վնասել։
Կշեռքների համար դժվար տարի է լինելու, քանի որ մեծ էմոցիոնալ լարվածություն կլինի, որը կարող է տանել անիմաստ հարձակողական գործողությունների։
Կարիճները նույնպես կունենան հաջողություններ, սակայն դրանք կունենան ժամանակավոր բնույթ, եթե նրանք փորձեն թուլանալ կամ հանգստանալ։
Աղեղնավորներին բեղմնավոր տարի է սպասվում։ Շատ աղեղնավորներ կգտնեն իրենց երկրորդ կեսին, ամուր ընտանիքներ կկազմեն։
Այծեղջյուրների համար 2011-ը բարենպաստ կլինի։ Մեծ հնարավորություններ կան շտկելու անհաջող իրավիճակները։ Նրանք մեծ էներգիա և ուժ կստանան, կբարելավվի ֆինանսական և հոգևոր վիճակը։
Ջրհոսներին բացառիկ լավ տարի է սպասվում, քանի որ Աստծո ներքին ուժն իրենց մեջ զգալու առիթ կլինի։ Դրա շնորհիվ շատ խնդիրներ կլուծվեն։
Ձկների համար տարին անբարենպաստ կլինի, պետք է հնարավորինս զերծ մնալ կտրուկ փոփոխություններից։ «Մի պնդեք ձերը, քանի որ շատ մեծ հավանականություն կա սխալվելու, որը կազդի առաջիկա 5 տարիների վրա։ Կփորձեն ձեզ մոլորակները որոշակի նենգություն հաղորդել, հնարավորինս հակադրվեք այդ իրավիճակներին»,- խորհուրդ տվեց աստղաբան-նկարիչը։
Նա նաև նշեց, որ այս  տարի հնարավոր են ջրհեղեղներ, ցունամիներ և ջրի հետ կապված այլ աղետներ։