Հարվարդի համալսարանի գիտնականները 72 տարվա ուսումնասիրություններից հետո պարզել են, թե ինչ է երջանկությունը: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին' վկայակոչելով I am New York պարբերականին:
Իրենց երջանիկ են համարում մարդիկ, ովքեր կրթություն են ստացել, ունեն ամուր ընտանիք և լավ սոցիալական պայմաններ: Երջանկության զգացողություն է տալիս նաև առողջ կյանքի ռիթմը, որն իր մեջ ունի նվազագույն ֆիզիկական վարժություններ, ինչպես նաև վատ սովորությունների բացակայությունը, ինչպես ծխելը և ալկոհոլի չարաշահումը:
Նորմալ քաշը ևս երջանկության պայմաններից է, ոչ պակաս կարևոր է ճգնաժամային իրավիճակներին հարմարվելը, կարծում են Հարվարդի գիտնականները:
Ըստ համալսարանի գիտնականների' երջանկության զգացողություն չեն երաշխավորում փողը, փառքը, գեղեցկությունը:
Առաջավոր համալսարանների 150 շրջանավարտների ճակատագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հասել են փառքի, ճանաչողության և կապիտալ են հիմնել, հաճախ կյանքում առավել անբավարարվածություն են զգում, քան նրանց ավելի անհաջողակ համակուրսեցիները:
Իրենց ավելի երջանիկ են զգում մարդիկ, ովքեր իրենց առաջ կարիերայի բարձունքների հասնելու ամբիցիաներ չեն դրել, այլ ունեն ամուր սոցիալական կապեր' լավ ընտանիք, վստահելի ընկերներ: