Կանադայի Ուոթերլոու համալսարանի փորձագետները վստահեցնում են, որ որքան ազատ և ժողովրդավար է երկիրը, որտեղ ապրում է կինը, այդքան նա ավելի հակված է նիկոտինային կախվածության։
Ըստ Reuters գործակալության ՝ զարգացող երկրներում միլիոնավոր կանայք ծանր հիվանդություններ ստանալու և անգամ մեռնելու վտանգի տակ են, քանի որ նրանց տնտեսական ու քաղաքական կարգավիճակի աճով է պայմանավորվում ծխախոտի օգտագործման չափը։
Ըստ վերլուծաբանների՝ ներկա պահին կանանց իրավունքների ու հնարավորությունների ցածր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Ինդոնեզիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Ուգանդան, տղամարդիկ 5 անգամ ավելի շատ են ծխում, քան գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։ Եվ ընդհակառակը, այն երկրներում, որտեղ կանայք լայն իրավունքներ ունեն (Ավստրալիա, Կանադա, Նորվեգիա, Շվեդիա և ԱՄՆ), երկու սեռերի միջև ծխախոտի օգտագործման տարբերությունը հասնում է նվազագույնի. այստեղ թե կանայք, և թե տղամարդիկ գրեթե հավասար են օգտագործում ծխախոտ։