Քնի խանգարումները բաժանվում են 2 մեծ խմբի` առաջնային և եկրորդային: 1-ին խմբին են պատկանում մոտ 11 տիպի անքնություններ, այդ թվում` շնչառական խանգարումները, որոնք ուղեկցվում են խռմփոցով:
Իսկ երկրորդային խմբի մեջ մտնում են առաջին խմբի խանգարումների հետևանքով առաջացած շեղումները` լիբիդոյի իջեցում, շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում և այլն»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց քնի խանգարումների մասնագետ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:
Նյարդաբանը Aysor.am-ին պարզաբանեց, որ խռմփոցը շնչառական համակարգի լուրջ խնդիր է, որը նույնպես անքնություն է առաջացնում:
«Փափուկ քիմքի հատվածը, տոնուսը կորցնելով, կախվում ու վիբրացիա է առաջացնում` սահմանափակելով օդի մուտքը: Նույնը կարող է տեղի ունենալ լեզվի արմատի հետ: Վտանգը վիբրացիայի կրկնության մեջ է, երբ մարդ, կարելի է ասել, չի շնչում այդ պահին: Երբ օդը թոքեր չի կարողանում անցնել, զարգանում է թոքային անբավարարություն: Քնած ժամանակ օրգանիզմը կանգնում է ընտրության առաջ` քնել, թե շնչել: Բնականաբար ընտրելով շնչելու տարբերակը` օրգանիզմն արթնանում է, վերականգնում շնչառությունն ու էլի անցնում նույն փակման`խռմփոցի փուլին»,- ասաց նա:
Ս. Խաչատրյանի մեկնաբանությամբ` նմանատիպ հիվանդների մոտ սովորաբար նկատվում է քաշի ավելցուկ, որի հետ էլ առաջին հերթին պետք է պայքարել:
Նմանատիպ դեպքերում հիվանդը կամ պետք է վիրահատվի`լայնացնելով բկանցքը, կամ էլ, ըստ նյարդաբանի, օգտագործի արտասահմանում կիրառվող ամենաարդյունավետ միջոցներից մեկը` հատուկ սարքը, որը քնելիս դիմակի միջոցով ամրացվում է դեմքին և օդի բարձր ճնշում ստեղծելով վերին շնչուղիներում`չի թողնում, որ դրանք փակվեն:
Մասնագետը նաև խորհուրդ տվեց խռմփոցով տառապող մարդկանց` քնելիս մեջքային դիրք չընդունել, որ չնպաստի խռմփոցին, այլ քնել կողքային դիրքում:
|