Ֆիզիկական վարժությունները կարող են ոչ միայն նվազեցնել, այլև մեծացնել սրտի կաթվածների առաջացման ռիսկը։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Չիկագոյի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները եզրակացրել են, որ սեքսի
ժամանակ ֆիզիկական ակտիվության կտուկ մեծացումը զգալիորեն մեծացնում է սրտի նոպայի, անգամ մահվան հավանականությունը։
Աշխատանքի ընթացքում բժիշկներն ամբողջացրել են 14 հետազոտություն, որի կազմակերպիչներն ընդհանուր առմամբ հավաքել են հիմնականում 50 տարեկանից բարձր 6 հազար մարդկանց տվյալներ։ Այդ մարդկանց մեծ մասը կա՛մ սրտի կաթված է տարել, կա՛մ մահացել է դրա պատճառով։ Հետազոտության արդյունքները հրապարակվելու են այսօր Journal of the American Medical Association գիտական հրատարակության մեջ։
Փորձագետները եզրակացություն կատարելիս ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, թե մահից մեկ-երկու ժամ առաջ ինչով են զբաղվել այդ մարդիկ մինչև իրենց վատ զգալը, տվյալները համեմատել ապագա «սրտայինների» ամենօրյա վարքագծի հետ։
Պարզվել է, որ ֆիզիկական չնախատեսված ակտիվությունը ու սեքսը եռակի մեծացնում են սրտի կաթված հավանականությունը նրանց մոտ, ովքեր դրանցով այնքան էլ տարված չեն եղել նախկինում, իսկ նոպայից մահանալու հավանականությունը հինգ անգամ մեծանում է։
Հետազոտության հեղինակները, սակայն, շտապում են մարդկանց զգուշացնել իրենց հետազոտության տվյալները սխալ մեկնաբանելուց։ «Ցանկալի չէ, որ ինչ-որ մեկը դրանից եզրակացնի, թե մեր ուսումնասիրության մեջ խոսվում է ֆիզիկական ակտիվության վնասի մասին։
Սպորտով անընդհատ զբաղվելը ակնհայտորեն նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը ֆիզիկական ակտիվության ժամանակ»,- ասել է հետազոտության համահեղինակ Իսա Դախաբրեգը։
Բժիշկները, սակայն, զգուշացնում են, որ հարկավոր չէ սարսափել հետազոտության արդյունքներից, քանի որ սեքսից հետո հիվանդանոց ընկնելու դեպքերը քիչ են՝ մեկ տարում 10 հազար անձի հաշվով՝ 2-3 դեպք։ |