Ըստ գիտնականների, ալկոհոլը 40-ամյա տղամարդկանց և կանանց մոտ հանդիպող բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկն է: Վիճակագրության համաձայն, շուրթերի, լեզվի և կոկորդի քաղցկեղի հիվանդության դեպքերը 40-50 տարեկան մարդկանց շրջանում հատկապես աճել են վերջին տասնամյակում: Ալկոհոլի օգտագործումը, օրինակ, Բրիտանիայում 1950 թվականներից սկսած կրկնակի անգամ աճել է, և բրիտանական գիտնական-ուռուցքաբանները գտնում են, որ այդ հանգամանքը` ծխելու հետ միասին, ամենից հավանական բացատրությունն է` բերանի շրջանում քաղցկեղի առաջացման: Թեև բժիշկները այդ տեսակի քաղցկեղի առաջացման հնարավոր պատճառներից նշում են նաև մրգերի և բանջարեղենների ոչ բավարար քանակի օգտագործումը մարդու կողմից: Ըստ BBC-ի, Բրիտանիայում յուրաքանչյուր տարի բերանի և կոկորդի քաղցկեղից մահանում է 1800 մարդ: Եվ ամեն տարի բժիշկները անհուսալի ախտորոշում են տալիս մոտ 5000 հիվանդների: Բրիտանական գիտնականները հրապարակել են տվյալներ, որոնց համաձայն 90-ական թվականներից սկսած բերանի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց թիվն ավելացել է 28 տոկոսով, իսկ կանանց` 24 տոկոսով: «Սա շատ մտահոգիչ արդյունքներ են: Եվ այս հիվանդության առաջացումը մոտ երեք քառորդ դեպքերում պայմանավորված է լինում ծխելով և ալկոհոլի օգտագործմամբ», -նշել է բարեգործական ասոցիացիայի աշխատակից Խեյզել Նանը: «Մարդիկ անգամ չեն էլ ենթադրում, թե որքան մեծ է կապը ալկոհոլի և ուռուցքաբանական հիվանդությունների մեջ: Լյարդի հիվանդությունը ակնհայտ ապացույցն է ալկոհոլի չարաշահման: Սակայն ավելի ու ավելի շատ են մարդիկ հակվում ուռուցքաբանական հիվանդությունների` իրենց մոլությունների պատճառով», - հայտարարել է հակաալկոհոլային քաղաքականություն իրականացնող կազմակերպության գործադիր տնօրեն Դոն Շենկերը: Բժիշկների հավաստմամբ, բերանի քաղցկեղը ենթակա է բուժման, եթե այն հայտնաբերվել է վաղ շրջանում: Հիվանդության հիմնական նախանշաններից են սպիտակ կամ կարմիր հետքերը բերանի խոռոչում, որոնք չեն անցնում երեք շաբաթների ընթացքում: Ցավը կամ տհաճ զգացողությունները ականջում նույնպես կարող են վկայել այդ գործընթացի սկսվելու մասին: |