H1N1-ով վարակված և քաղցկեղով հիվանդ մի 22-ամյա կին ամբողջությամբ ապաքինվել է հակավարակային Relenza դեղամիջոցի ներերակային ներարկումից հետո:
Բրիտանացի բժիշկները, որոնք բուժել են կնոջը, կարծում են, որ բուժման այս վերջին եղանակը պետք է կիրառվի նաև աշխարհի մյուս վարակավածներին բուժելու համար: Հարկ է նշել, որ Relenza-ն թույլատրվել է կիրառել հաբերի և փոշու տեսքով: Սակայն այս կնոջ պարագայում բերանի խոռոչով կամ քթըմպանով ընդունած ոչ Relenza-ն և ոչ էլ Tamiflu-ն ի զորու չէին օգնել նրան:
Ըստ ուսումնասիրության համահեղինակ և Լոնդոնի համալսարանին կից քոլեջի բժիշկ Մայքլ Քիդի'այս կինը իր ծայրահեղ վատ վիճակի պատճառով չէր կարողանում ընդունել Tamiflu-ն և Relenza-ն հաբերի և փոշու տեսքով: Մյուս կողմից, վիճակն ավելի էր ծանրացել քիմիաթերապիայի պատճառով: Հետևաբար, բժիշկները ստիպված էին դիմել չթույլատրված բուժամիջոցի օգնությանը'ներարկելով դեղամիջոցը ներերակային եղանակով: Այս եղանակը տվեց իր դրական արդյունքները: 5 օր անց կինն արդեն շնչում էր ինքնուրույն, իսկ մեկ շաբաթից դուրս գրվեց հիվանդանոցից: Relenza-ին զուգահեռ կինը նաև ընդունել է կորտիկոստերոիդներ, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն:
Հեղինակների կարծիքով այս եղանակի մանրամասն ուսումնասիրությունները կարող են համաճարակի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոց մշակել:
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները քրոնիկ հիվանդություններով /ասթմա, դիաբետ, քաղցկեղ/ տառապող և H1N1-ով վարակված հիվանդներին դասում են մահվան մեծագույն վտանգին ենթարկված խմբին:
Ըստ Morbidity and Mortality Weekly Report ամսագրի' H1N1-ից մահացած 477 ամերիկացիների մեծ մասը տառապում էին քրոնիկ ծանր հիվանդություններով:
Ինչպես նշում է Քիդսը, նոր եղանակով բուժված կնոջ մոտ չի գրանցվել ոչ մի բարդություն: Relenza -ի մեծ չափաբաժինների ներերակային ներարկումը թույլատրելի է մեծահասակների համար, այս եղանակով կարող են բուժվել նաև 6 ամսականից մեծ երեխաները: Հղիների և երիկամների խնդիրներ ունեցող հիվանդների պարագայում պետք է զգուշորեն ընտրվեն համապատասխան չափաբաժիններ: