Ձանձրալի կյանքը կրկնակի բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այս եզրահանգմանն է եկել բրիտանացի գիտնականների մի խումբ՝ Մարտին Շիպլիի ղեկավարությամբ:
Գիտնականներն ուսումնասիրել են 35-55 տարեկան 7500 աշխատող քաղաքացիների տվյալներ, որոնք 1980-ականներին իրենց կյանքը ձանձրալի են համարել:
Դրանից հետո գիտնականները պարզել են, թե հարցվածներից քանիսն են ողջ մնացել մինչեւ 2009-ը: Հետազոտության ընթացքում հաստատվել է, որ իրենց կյանքն առավել ձանձրալի համարող մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը 40 տոկոսով գերազանցել է այն մարդկանց ցուցանիշը, որոնք ավելի բուռն եւ ուրախ կյանքով են ապրել:
Ի դեպ, նրանց վաղաժամ մահվան հիմնական պատճառը սրտանոթային հիվանդություններն են եղել: Բացի դրանից, պարզվել է, որ ի տարբերություն տղամարդկանց` կանայք ավելի շատ են բողոքում իրենց ձանձրալի կյանքից: Կյանքը ոչ պակաս ձանձրալի է նաեւ երիտասարդ կամ վատ որակավորված մասնագետների համար:
Շիպլիի կարծիքով` "ձանձրացած" մարդիկ սովորաբար չարաշահում են ալկոհոլը եւ ավելի շատ են ծխում, ինչը կրճատում է կյանքի միջին տեւողությունը` առաջացնելով սրտանոթային համակարգի հիվանդություններ:
Չձանձրանալու համար մասնագետները խորհուրդ են տալիս աշխատանքից բացի նաեւ այլ հետաքրքրություններ ունենալ:
|