06 января 2011

Հայաստանում բոտուլիզմից 1 մարդ է մահացել



Հայաստանում բոտուլիզմից 1 մարդ է մահացել


Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 12 դեպք` 19 տուժածով, այդ թվում 1-ը մինչև 14 տարեկան: Գրանցվել է 1 մահվան դեպք:Հայաստանի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, սմբուկի խավիարի, լոբու պահածոների օգտագործման հետևանքով: Դեպքերը հիմնականում եղել են Լոռու, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում:

Մասնագետները նկարագրում են այդ հիվանդության ախտանշանները` սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ցավեր որովայնի շրջանում, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առաջ մշուշ, ցանց), երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն,
ռնգախոսություն), կլման ակտի խանգարում, բերանի չորություն:

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես նրանք խորհուրդ են տալիս անմիջապես դիմել բժշկի:

Բոտուլիզմի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում ու զգուշացնում է խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից, տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ենթարկել ջերմային մշակման` եռացնելով 20 րոպե, չգնել տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ անհատներից: