Սպառողական մթերքների շուկայում վերջին օրերին արձանագրվել է հերթական թանկացումը։ Այս անգամ թանկացել է ալյուրը, որի մեկ կգ–ն այժմ խանութներից հնարավոր է ձեռք բերել 240–250 դրամով։ Մինչդեռ այդ ապրանքնատեսակն օրեր առաջ խանութներում վաճառվում էր 210 դրամով։
Теrt.am–ի թղթակիցը շրջայց կատարեց մի քանի խանութներ՝ ծանոթանալու ալյուրի գներին։ Այսպես, «Բարի Սամարացի» սուպերմարկետում մեկ կգ ալյուրն արժեր 249 դրամ։ Մեր հարցին, թե ինչո՞ւ է ալյուրը թանկացել, վաճառողուհին պատասխանեց, որ ինքը չգիտի։ «Ձեթը ինչո՞ւ է թանկացել։ Հիմա բոլոր ապրանքներն էլ թանկանում են»,– ասաց վաճառողուհին։
Որոշ խանութներում ընդհանրապես կիլոգրամով ալյուր չի վաճառվում, փոխարենը վաճառվում է թղթե տուփերով ալյուր։
Օրինակ, «Գուդ վիլ» սուպերմարկետում թղթե տուփերով վաճառվող ամենաէժան ալյուրը «Մառանիկ» ընկերության ալյուրն էր, որի մեկ կգ–ն արժեր 320 դրամ։ Իսկ օրինակ «Ոսկե ջրաղաց» ընկերության ալյուրի մեկ կգ–ն նույն սուպերմարկետում արժեր 420 դրամ։
«Երևան սիթի» սուպերմարկետում ևս վաճառվում էր տուփերով փաթեթավորված ալյուր։ Այստեղ ամենաէժան ալյուրը Моя семья ապրանքանիշն էր ներկայացնում, որի ներկայացրած 1 կգ ալյուրն արժեր 290 դրամ։
Ալյուրի թանկացման մասին վերջին օրերին հնչող ահազանգերի կապակցությամբ դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանին։ Նա տեղեկացրեց, որ նախորդ օրվա տվյալներով իրենց հանձնաժողովը ալյուրի շուկայում մոնիտորինգ է իրականացրել, որի ժամանակ հաստատվել է, որ ալյուրը թանկացել է։ «Այս պահին քննարկվում են ուսումնասիրության արդյունքները, որից հետո հնարավոր կլինի խոսել թանկացման պատճառների մասին»,– ասաց նա։
Tert.am