Բջջային հեռախոսը, որ Դնեպրոպետրովսկի «Գաղտնի կղզի» օկեանարիումում պատահաբար կուլ է տվել կոկորդիլոս Գենան, վտանգի տակ է դրել կենդանու առողջությունը։ Նրան պետք է վիրահատեն, գրում է Газета по-киевски–ն։
Պարբերականի տվյալներով` դեկտեմբերի վերջին հաճախորդներից մեկը նկարահանելիս պատահաբար ջրավազանի մեջ է գցել իր Nokia հեռախոսը, որն անմիջապես կոկորդիլոսը կուլ է տվել։ Գենային երկու օր տանջել են թրթռազանգերը։
Հեռախոսի տերը՝ Ռիմա Գոլովկոն, պնդել է, որ անպայման իրեն վերադարձնեն հեռախոսը, քանի որ իր սիմ քարտում շատ կարևոր համարներ և ինֆորմացիա ունի։
Օկեանարիումի ղեկավարությունից ոչ մի օգնություն չստանալով՝ կինը գնացել է տուն և այնքան զանգել իր համարին , մինչև որ հեռախոսի մարտկոցն անջատվել է։ «Ղեկավարությունն ինձնից գումար է պահանջում վիրահատության համար. ես այդքան գումար ծախսել եմ տոմսի վրա, նրանց մեղքով կորցրել եմ հեռախոսս, իսկ հիմա պիտի վիրահատության համա՞ր վճարեմ»,– ասում է կինը։
Սկզբում անասնաբույժները խորհուրդ են տվել սպասել, մինչև որ հեռախոսը բնական ճանապարհով դուրս գա, չնայած անգամ պարզ չէ՝ այն ինչ վիճակում է գտնվում ստամոքսի մեջ։
«Այժմ Գենան ծանր սթրես է ապրում. նա ոչ ուտում է, ոչ զուգարան գնում, ակտիվ կյանքի նշաններ չի ցուցաբերում, օրերով անշարժ պառկում է»,– ասում է օկեանարիումի ավագ աշխատակից Էդուարդ Մանուկյանը։
«Մենք չենք ուզում նրանից բաժանվել, նա մեր ամենահին բնակիչն է, իրեն «տնավարի» է պահում և խանդով պաշտպանում իր տարածքը։ Նրա շնորհիվ կոկորդիլոսների ընտանիքը հաշտ ու անհոգ ապրում է»,– ավելացրել է Մանուկյանը։
Երեկ «Գաղտնի կղզու» ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ բժիշկներն արդեն հստակ պնդում են, որ հեռախոսը պետք է հանել վիրահատական միջամտությամբ։ Մոտ օրերս կենդանուն կվիրահատեն։
Tert.am