10 января 2011

Մեսսին կրկին լավագույն է

 
Մեսսին կրկին լավագույն է
  Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում Լիոնել Մեսսին, ով կստանա ՖԻՖԱ-ի ոսկե գնդակը: Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվողն առաջ անցավ իր խաղընկերներ Խավիից ու Անդրես Ինյեստայից: Այս մասին հայտնի դարձավ այսօր Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գալա-մրցանակաբաշխության ընթացքում:
Վերջին երկուսն Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել էին 2010թ. Աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ ահա Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ ձախողվել էր ՀԱՀ-ում: Բայց դա չխանգարեց Լիոնելին կրկին լավագույնը ճանաչվել մոլորակում: Մեսսին հիանալի մրցաշրջան անցկացրեց «Բարսելոնայում», որի կազմում բավական արդյունավետ խաղ է ցուցադրում:


Հիշեցնենք, որ այս տարի առաջին անգամ միավորվել են «Ֆրանս Ֆուտբոլի» կողմից սահմանված «Ոսկե գնդակի» (այս մրցանակը տրվում էր Եվրոպայի լավագույն խաղացողին) եւ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի տիտղոսները:


Ահա թե ովքեր են մինչ այս նվաճել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչումը.

Թ
Ֆուտբոլիստ
Երկիր
1991
Լոթար Մաթեուս
Գերմանիա
1992
Մարկո վան Բաստեն
Հոլանդիա
1993
Ռոբերտո Բաջո
Իտալիա
1994
Ռոմարիո
Բրազիլիա
1995
Ջորջ Վեա
Լիբերիա
1996
Ռոնալդո
Բրազիլիա
1997
Ռոնալդո
Բրազիլիա
1998
Զինեդին Զիդան
Ֆրանսիա
1999
Ռիվալդո
Բրազիլիա
2000
Զինեդին Զիդան
Ֆրանսիա
2001
Լուիշ Ֆիգու
Պորտուգալիա
2002
Ռոնալդո
Բրազիլիա
2003
Զինեդին Զիդան
Ֆրանսիա
2004
Ռոնալդինյո
Բրազիլիա
2005
Ռոնալդինյո
Բրազիլիա
2006
Ֆաբիո Կանավարո
Իտալիա
2007
Կակա
Բրազիլիա
2008
Կրիշտիանո Ռոնալդու
Պորտուգալիա
2009
Լիոնել Մեսսի
Արգենտինա
2010
Լիոնել Մեսսի
Արգենտինա


Լավագույն ֆուտբոլիստուհու կոչումը կրկին նվաճեց բրազիլուհի Մարտան, ով արդեն 5-րդ անգամ է ստանում այս մրցանակը:

Լավագույն մարզիչ

Այս նոմինացիայում հաղթեց Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս գլխավորում է Մադրիդի «Ռեալը»: Պորտուգալացի մասնագետի գլխավորությամբ Միլանի «Ինտերը» դարձավ Չեմպիոնների լիգայի 2009/10թթ. Խաղարկության հաղթող: Բացի այդ, Մոուրինյոյի նախկին թիմը հաղթեց Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում: Լավագույն մարզիչների լավագույն եռյակում էին նաեւ Վիսենտե դել Բոսկեն (Իսպանիայի հավաքական) եւ Պեպ Գվարդիոլան («Բարսելոնա»): Լավագույն կին մարզիչ ճանաչվեց  Գերմանիայի կանանց հավաքականը մարզող Սիլվիա Նեյդը:

Լավագույն գոլ

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել էին 2010թ. լավագույն 10 գոլերը եւ ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում հաղթել է Թուրքիայի հավաքականի խաղացող Համիտ Ալտինտոպը, ով «Եվրո-2012»-ի ընտրական փուլում բավական գեղեցիկ գոլ է խփել Ղազախստանի ընտրանու դարպասը:

Խորհրդանշական հավաքական

Տարվա խորհրդանշական հավաքականում հայտնվեցին «Բարսելոնայի», «Ռեալի» եւ «Ինտերի» խաղացողները.
Դարպասապահ
Կասիլյաս («Ռեալ»)
Պաշտպաններ
Պույոլ («Բարսելոնա»), Պիկե («Բարսելոնա»), Լուսիո («Ինտեր»), Մայկոն («Ինտեր»)
Կիսապաշտպաններ
Խավի («Բարսելոնա»), Ռոնալդու («Ռեալ»), Ինյեստա («Բարսելոնա»), Սնեյդեր («Ինտեր»)
Հարձակվողներ
Մեսսի («Բարսելոնա»), Դավիթ Վիլյա («Բարսելոնա»)

Արդար խաղ
Այս մրցանակին արժանացավ Հաիթիի կանանց պատանեկան հավաքականը, որը չնայած երկրում տեղի ունեցած աղետալի իրադարձություններին՝ շարունակել էր ելույթները միջազգային ասպարեզում: