Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը։ Հաճախ այն կարող է զգալիորեն վնասել առողջությանը։ Իհարկե, վնասն այնքան մեծ չէ, որքան ծրագրավորողի կամ վեբ դիզայների պարագայում, քանի որ «մեքենայի»հետ աշխատանքը նրանց ընդհանուր զբաղվածության չնչին մասն է միայն կազմում։ Սակայն կանխարգելումը երբեք
ոչ ոքի չի վնասել. դեղատան աշխատակիցն այդ գիտակցում է ավելի լավ, քան մյուսները։Ի՞նչ անել նման դեպքերում։ Նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրե՛ք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ` թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։ Ու եթե ինչ-որ մեկին դա զարմացնի, բացատրե՛ք, որ մարմինը ձգում եք ոչ թե ծուլությունից, այլ աշխատունակությունն էլ ավելի երկար պահպանելու համար։
Մաշկային ցան, մազաթափություն, թթվածնային քաղց
Աչքերի ու կոպերի կարմրությունն ու ցավը, արցունքոտվելը, ճակատի ու քունքերի մասերում լարվածությունն ու ցավն այսպես կոչված «դիսփլեային» հիվանդության նշաններն են, որն առաջանում է մոնիտորի առջև երկար նստելուց։ Տեսողական հոգնածության (ասթենոպիա) առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 45 րոպե համակարգչով անընդմեջ աշխատելուց հետո, իսկ 2 ժամ անց տեսողական դաշտը զգալիորեն նվազում է։ Համակարգչով 1-2 ժամ աշխատելուց հետո կարճատև ընդմիջումը բավականին կկրճատի հոգնածության ցուցանիշները։ Մինչդեռ մոնիտորի առջև 4 ժամից ավելի աշխատելու դեպքում աչքերի հոգնածությունը կրկնապատկվում է։
Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։ 75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։ Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում։ Ու եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները բժիշկների հետ համագործակցելով մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։
Սակայն մինչև այն տեղադրելը խորհուրդ ենք տալիս գոնե 40-45 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ. արագ- արագ մոտ 50 անգամ թարթել աչքերը, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի անգամ աչքերով պտույտային շարժումներ կատարել։ Նույնը կրկնե՛ք նաև հակառակ ուղղությամբ։
Հիշե՛ք, որ նորաձև համարվող սև ստեղնաշարերն ավելի արագ են հոգնեցնում աչքերը։ Խիստ վնասակար է մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք լինի։
Համակարգչից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ
- Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։
- Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։
- Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։
- Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։