Երեխաներին կրծքով կերակրելը օրենքով սահմանելը, ըստ Քրմոյանի, նպատակ ունի կանխարգելել հիվանդությունները մեր երկրում: Ներկայացնելով օրենքի պահանջները, Քրմոյանն ասաց, որ բուժհիմնարկներում արգելվելու է մանկական կերերի գովազդը, կանոնակարգելու են, որ գործատուները ժամ հատկացնեն և հնարավորություն տան իրենց աշխատող կերակրող մայրերին կրծքով սնուցելու համար: «Հուսով ենք, որ ԱԺ-կառավարություն արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ընդունել այս օրինագիծը», -հավելեց Քրմոյանը:
ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը վստահ է, որ այս օրինագծով առողջապահական ցուցանիշների հարցում առաջընթաց կարձանագրվի, քանի որ կրծքով կերակրված երեխաները յոթ անգամ ավելի քիչ են հիվանդանում: Ըստ մասնագետի, կրծքով կերակրելը ազատում է երեխաներին ինֆեկցիաներից, հոգեբանական տրավմաներից: Կրծքի կաթի մեջ, Սարիբեկյանի խոսքով, կան էնդորֆիններ, որոնք հանգստացնում են, զարգացնում ուղեղի աշխատանքը: Մայրերն էլ են օգտվում կրծքով կերակրելուց. նվազեցնում է շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի ռիսկերը: