Վիճակագրական տվյալների համաձայն` կինը տարեկան օգտագործում է 2,5 կգ կոսմետիկա: Հայաստանյան շուկայում կոսմետիկական միջոցների պակաս չկա: Այս ապրանքատեսակը ամենից շատ սպառվողներից է: Բայց արդյո՞ք անվտանգ է այն: Պարզվում է` ոչ այնքան:
Տոնավաճառներում և գետնանցումներում շատերն են տեսել "լցնովի ֆրանսիական օծանելիք" գրությունը: Թե որքանով է այն անվտանգ և ի՞նչ որակ ունի, դա գիտեն նույնիսկ մեկ անգամ օգտագործողները:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության` կոսմետիկայի շուկայում վերջին անգամ ստուգում արվել է 2009թ:
Այն ժամանակ հայտնաբերված խախտումները մեծ մասամբ մակնշմանն են վերաբերել: Սակայն դրանից հետո շատ ջրեր են հոսել: Այժմ շատ ներկրողների առաջ ոչ դրական իմաստով կանաչ լույս է վառում կառավարության այն որոշումը, որի համաձայն ընթացիկ ստուգումներ չեն արվում այն տնտեսավարողների մոտ, ում տարեկան շրջանառությունը չի գերազանցում 70 մլն դրամը:
Նրանց մոտ ստուգում կարող է անցկացվել միայն վարչապետի թույլտվությամբ: Շուկայում կոսմետիկակական միջոցների առատությունից առանց հաշվելու էլ ակնհայտ է, որ ներկրողի համար տարեկան 70 մլն դրամը հատելը դժվար չէ:
Բայց … Բանն այն է, որ թաքցվում է իրական շրջանառությունը, և երկրորդ` պարտադիր սերտիֆիկացումից խուսափելու համար ապրանքը ներկրվում է փոքր խմբաքանակներով: Բանն այն է, որ մեկ անձը մինչև 150 հազար դրամի, կամ մինչև 50 կգ ապրանք կարող է ներկրել առանց սերտիֆիկացման:
Զարմանալի է, բայց փաստ. շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը չունի ճշգրիտ տվյալներ այն մասին, թե կոմետիկա և պարֆյումերիա ներկրող քանի ընկերություն կա:
Այդ տվյալները տեսչությանը ՊԵԿ-ը որպես առևտրային գաղտնիք չի տրամադրում: Այս պարագայում պարզ է դառնում, թե որքանով են վստահելի ստեպ-ստեպ արվող ստուգումները, և որքանով են անվտանգ վաճառվող կոսմետիկական միջոցներն ու պարֆյումերիան:
Նույնիսկ պատասխանատու կառույցները չեն ժխտում, որ դրանց մեծ մասը կեղծված է: Ալերգիկ, աչքի, աղիքային հիվանդություններ. ահա թե ինչ կարելի է "վաստակել" կեղծ կոսմետիկայի օգտագործումից:
Եվ ուրեմն` սպառողներին մնում է ապավինել միայն զգոնությանը և կեղծվածն ու ոչ կեղծվածը տարբերակելու սեփական հմտությանը: Ինչպես ասում են` խեղդվողների փրկությունը խեղդվողների ձեռքում է: henaran.am